Армянский перевод С. Вауни
Источник: Слово о полку Игореве. Ереван, 1985.
- 1. Արդյոք առավել խոհեմ չէ՟, եղբա´րք,
Որ հնաբարբառ հանգով հորինենք
Այս տխրապատում ասքը Իգորի –
Իգոր Սվատոսլավիչի արշավի մասին։ - 2. Բայց, ոչ, այս ասքը թող որ հորինենք
Ըստ մեր օրերի ստույգ դեպքերի,
Այլ ոչ ըստ Բոյանի հնարումների։ - 3. Քանզի երբ որ նա,
Իմաստուն Բոյանը,
Մտադրվում էր գովերգել մեկին,
Ապա նրա միտքը այնժամ սուրում էր
Սկյուռի նման դեպի ծառն ի վեր,
Գորշ գայլի նման – գետնի երեսով,
Թուխ արծվի նման – ամպերի տակով. - 4. Այսպես վերհիշում էր նա
Հնոց օրերի գժտությունները։
Այնժամ արձակում էր նա տասը բազեներ
Կարապների հոծ երամի վրա.
Նրանցից որին հարվածում էր բազեն`
Նա էլ առաջինը ձոն էր հնչեցնում
Ծեր Յարոսլավին,
Քաջ Մստիսլավին, -
Որը Ռեդեդեին մորթել է մի օր
Կասոգցիների գնդերի առջև, -
Եվ Ռոման Գեղեցիկ Սվյատոսլավիչին։ - 5. Սակայն Բոյանը,
Եղբա՛րք,
Ո´չ թե արձակում էր տասը բազեներ
Կարապների հոծ երամի վրա,
Այլ տասը ճարտար մատներն էր դարսում
Այն պիրկ ու հնչեղ լարերի վրա,
Եվ այնժամ լարերը ինքնաբերաբար
Թնդացնում էին
Փառքն իշխանների։ - 6. Դե´հ, ուրեմն, եղբարք,
Սկսենք մեր ասքը –
Ծեր Վլադիմիրից
Եվ հասնենք մինչև Իգորը այժմյան,
Որն իր խելքին գումարել էր իր ուժը,
Որն իր սիրտը հեսանել էր արիությամբ, - 7. Եվ որը, զորական ոգով ներշնչված,
Իր քաջակորով գնդերը տարավ
Դեպի երկիրը պոլովցիների, -
Հանուն Ռուսաց Երկրի։ - 8. …Այնժամ նայեց Իգորը
Մթնած արևին
Եվ տեսավ, որ իր զորքն ամբողջ խավարով է պատած։ - 9. Եվ այսպես դիմեց իր դրուժինային.
- 10. «Եղբարք,
Եվ դո´ւ,
Իմ դրուժինա,
Ավելի լավ է սպանված լինել,
Քան լինել գերի։ - 11. Եվ զի այդպե´ս է -
Հեծնե´նք,
եղբա´յրք իմ,
Հեծնե´նք արագոտն մեր նժույգնրը
Եվ շուտով հասնենք
Կապուտակ Դոնին»։ - 12. Եվ որովհետև իշխանի հոգին
Ծարավի էր հասնելու ջրերին Դոնի,
Ապա և խավարումին այն չարանշանակ
Նա ուշ չդարձրեց,
Եվ բարբառեց այսպես. - 13. «Ուզում եմ, – ասաց, – նիզակս ջարդել
Պոլովցիների դաշտի սահմանում.
Ձեզ հետ, ռուսնե´ր,
Վար պիտի դնեմ գլուխս այնտեղ,
Կամ խմեմ ոսկե սաղավարտովս
Մեծ Դոնի ջուրը»։ - 14. Ո՛վ Բոյան,
Սոխակդ անցած ժամանակների.
Ու՛ր էր թե այս արշավը երգեիր դու ինքդ,
Այնժամ սուրալով դեպի հին դարերը,
Ճախրանք առնելով ամպերի ներքո,
Հյուսելով փառքի պսակը դարուս,
Հնադարյան երգի արահետներով
Թափառելով վերստին - 15. Այսպես կսկսեիր քո ասքը Իգորի`
Օլեգի թոռան
Արշավանքի մասին. - 16. «Այն մրրի՛կը չէ բազեներին քշում
Լայն դաշտերով քշում
Այն գալիցիական զորքն է ընթանում
Դեպի Մեծ Դոնը…» - 17. Կամ գուցե այնժամ այսպես երգեիր,
Ո՛վ իմաստուն Բոյան,
Թոռդ Վելեսի - 18. «Ձիերն են վրնջում Սուլայից անդին,
Զրնգում է փառքը Կիևի մեջ,
Փողերն են թնդում Նովեգրադում,
Պուտիվլում կանգնած են զորագնդերը…»։
Սպասեց Իգորը իր սիրած եղբայր Վսեվոլոդին։ - 19. Եվ ասաց նրան այն ցլակորով Վսեվոլոդը.
- 20. «Արար աշխարհում իմ միակ եղբայրը,
Իմ լույս-արևը դո´ւ ես, Իգո´րդ։
Եվ մենք երկուսս էլ Սվյատոսլավիչ ենք։ - 21. Եվ զի այդպես է,
Թամբի´ր, եղբայր իմ,
Թամբի´ր արագոտն քո նժույգները, - 22. Իսկ իմոնքն արդեն առաջուց թամբված,
Պատրաստ սպասում են
Կուրսկի մոտերքը։ - 23. Իսկ իմ կուրսկցիները
Փորձված ռազմիկներ են.
Շեփորումների, որոտների մեջ են բարուրել նրանց,
Սաղավարտների զնգոցի մեջ են օրորել նրանց,
Նիզակի ծայրով են կեր տվել նրանց։ - 24. Ծանոթ են ճամփեքին,
Սովոր են ձորերին։
Պիրկ են աղեղները,
Լի են կապարճները,
Սուրասայր են սրերը, - 25. Իսկ իրենք սուրում են
Ինչպես գայլերը տափաստաններում,
Իշխանի համար որոնելով փառք,
Իսկ իրենց համար` պատիվ»։ - 26. Աստ իշխան Իգորը
Իր ոտքը դրեց ոսկե ասպանդակ
Եվ առաջ ընթացավ
Դաշտով լայնատարած։ - 27. Արևն իր խավարով
Արգելակում էր ընթացքը նրա, - 28. Գիշերն ամպրոպով տրտնջում էր սաստիկ,
Արթնացնում հավքերին… - 29. Ծառս եղավ ոսոխը.
Եվ, մռնչալով հանց գազան մի վայրագ,
Ելավ, բարձրացավ, ծառերի կատարից
Կոչ կոչեց,
Դիմեց
Անծանոթ երկրին, -
Վոլգային,
Ե՛վ Պոմորյեին,
Ե՛վ Սուլայի կողմին,
Ե՛վ Սուրոժին,
Ե՛վ Կորսունին,
Ե՛վ քեզ` Տմուտորոկանի կուռք։ - 30. Եվ արդ պոլովցիները
Դժվարանցուկ ծործորներով
Սկսեցին դիմել դեպի Մեծ Դոնը։
Գիշերվա կեսին,
Ցիրուցան եղած կարապների պես,
Ճչում-ճռնչում են սայլերը նրանց…
… Բայց Իգորը զորքին
Դեպի Դոն է տանում… - 31. Արդ նրան աղետ են գուժում հավքերը` կաղնիներին թառած,
Գայլերը,
Կանգնած խանդակների եզրին,
Սպասում են ջարդի։
Արծիվների կռինչը
Դեպի ոսկորներն է կանչում գազաններին։
Եվ ահա կարմիր վահանների տեսքից
Կաղկանձեց աղվեսը։ - 32. Օ՛, Ռուսաց Երկի´ր,
Դու մնացիր արդեն
Բլուրներից դենը։ - 33. Դանդաղ է մթնում օրը։
- 34. Վերջալույսը հանգավ։
Մութը իջավ դաշտին, - 35. Լռեց սոխակի երգը։
Պապանձվեց ժխորը ռուսաց բանակի։ - 36. Կարմիր վահաններով
Շուրջկալեցին դաշտը
Ռուսները խիզախ,
Որ իշխանի համար որոնում են փառք,
Իսկ իրենց համար` պատիվ։ - 37. Ուրբաթ օրը վաղ
Ջարդեցին նրանք
Անարգ գնդերը պոլովցիների։
Եվ, նետերի նման սուրալով դաշտում,
Փախցրին թշնամու աղջիկներին չքնաղ,
Նրանց հետ մեկտեղ -
Ե´վ ոսկի,
Ե´վ մետաքս,
Ե´վ կարած թավիշ - 38. Խաս չադրաներով,
Ե´վ թիկնոցներով,
Նաև պոլովցյան նուրբ ու նկարեն գործվածքեղենով
Սկսեցին նրանք կամուրջներ կապել
Նույնիսկ ճախինքների մեջ
Եվ տղմուտներում։ - 39. Իսկ կարմիր դրոշը,
Սպիտակ գայիսոնը,
Կարմիր բունչուկը,
Տեգը արծաթկոթ
Պատկանեց խիզախ Սվյատոսլավիչին։ - 40. Ննջում է դաշտում
Օլեգի քաջերի բույնը –
Արծվային զարմը։
Հեռո´ւ են թռել… - 41. Ոչ ոք կարող չէ անարգել նրանց –
Ո´չ բազեն,
Ո´չ ուրուրը,
Ո´չ էլ դու,
Սևափետուր ագռավ,
Անարգ պոլովցի´։ - 42. … Բայց ահա,
Եղբարք,
Գորշ գայլի նման արշավում է Գզակը,
Նրա ետևից Կոնչակն է գալիս
Դեպի Մեծ Դոնը։ - 43. Եվ հաջորդ օրը,
Անսպասելի վաղ,
Արնագույն ցոլքերը այգն ավետեցին։ - 44. Սև ամպեր են գալիս ծովի կողմերից,
Ցանկանում են ծածկել
Չորս արևներին,
Եվ թրթռում են այդ ամպերի գրկում
Կապույտ կայծակներ… - 45. Մո՛տ է մեծ որոտը։
Շուտով Մեծ Դոնի կողմից կտեղա
Անձրևը նետերի։ - 46. Այստեղ նիզակներ պիտի փշրտվեն,
Զարկվելով պիղծի սաղավարտներին,
Պիտի բթանան այստեղ սրերը –
Կայալայի մոտ,
Մեծ Դոնի ափին։ - 47. Օ՛, Ռուսաց Երկիր,
Դու մնացիր արդեն
Բլուրներից դենը։ - 48. Ահա քամիները,
Թոռները Ստրիբոգի,
Նետերի նման շառաչում են ծովից`
Իգորի զորքի գլխավերևում։ - 49. Դղրդում է գետինը։
Պղտոր են գետերը։
Դաշտը թաղվեց փոշում։ - 50. Հեռվում փողփողում են զինադրոշներ։
Պոլովցինե՛րն են…
Նրանք գալիս են Դոնից,
Ծովից են գալիս նրանք, - 51. Շրջափակում են ռուսաց բանակը
Բոլոր կողմերից… - 52. Եվ դաշտը կալնում են
Դևի ծնունդները` գոռուն-գոչյունով,
Իսկ քաջ ռուսները` վահաններով կարմիր։ - 53. Ո՛վ ցլակորով
Վսեվոլոդ իշխան.
Դու ես վարում մարտը։
Նետեր ես տեղում պիղծերի գլխին.
Շաչում են պողպատ սրերդ
Սաղավարտների վրա… - 54. Եվ ուր դարձնում ես նժույգդ`
Շողշողացնելով սաղավարտդ ոսկե,
Այնտեղ թափվում են
Պիղծ գլուխները պոլովցիների։ - 55. Արդ ավարական սաղավարտները
Ջարդուխուրդ եղան
Սուսերներով պողպատ,
Սուսերներով քո կուռ,
Ցլակորով իշխանդ Վսեվոլոդ, - 56. Ի՞նչ են վերքերը,
Եղբարք,
Այդ իշխանի համար,
Երբ մոռացել է նա
Արդեն իր կյանքը,
Պատվաստիճանը,
Չեռնիգով քաղաքը,
Իր հորենական գահը ոսկեղեն,
Նաև սիրած կնոջ`
Պայծառ Գլեբովնայի
Սերն ու քնքշանքը։ - 57. Հասավ Բոյանի դարը,
Անցան ժամանակները Յարոսլավյան,
Այնժամ թնդացին մարտերն Օլեգի`
Օլեգ Սվյատոսլավիչի։ - 58. Սա այն Օլեգն էր,
Որ սրով կռում երկպառակություն,
Նետեր էր ցանում երկրի երեսին - 59. Երբ նա քաղաքում Տմուտորոկան
Ոտքը դնում էր ոսկե ասպանդակ, - 60. Ապա զրնգոցը սարսափով էր լսում
Մեծազոր, քաջարի Վսեվոլոդը`
Յարոսլավի որդին. - 61. Իսկ Վլադիմիրը,
Չեռնիգովում նստած,
Ամեն առավոտ խցկում էր ունկը
Այդ ձայնի ահից։ - 62. Այդ օրերին էր, -
Բորիս Վյաչեսլավիչը,
Որ սուր էր հանել հանուն Օլեգի,
Սնափառությամբ պատերազմի նետվեց.
Եվ այդ երիտասարդ,
Քաջ իշխանի համար
Լոկ Կանինայի խոտերը դարձան
Թաղումի պատանք… - 63. Եվ Սվյատոպոլկը
Նույն այն Կայալայի ափից
Առավ սպանված իր հոր դիակը,
Եվ, ուղեկից վերցրած հունգար այրուձին,
Տարավ Կիևի Սուրբ Սոֆիա տաճարը։ - 64. Եվ այդպես,
Օլեգ Գորեսլավիչի օրոք
Սոսկ գժտություն էր ցանվում ու հնձվում,
Խորտակ էր կյանքը Դաժդ-Բոգի թոռան,
Եվ իշխանաց դավ ու խռովքի պատճառով
Կարճատև դարձավ կյանքը մարդկային։ - 65. Այնժամ Ռուսիայում
Սակավ էր լսվում ձայնը հողագործի,
Բայց հաճախ էին
Կռավում ագռավները`
Բաժանելով իրար մեջ դիերը մարդկանց։
Թռչնոց բարբառով զրուցում էին
Ճայակները նաև,
Թե որտեղ թռչեն կեր որոնելու։ - 66. Այդպես էր այն հին պատերազմի օրոք,
Այն ջարդերի օրոք,
Եվ այսպիսի պատերազմ
Չէր լսված երբեք։
Վաղ առավոտից մինչև երեկո
Եվ երեկոյից մինչև լուսաբաց
Սուրում են նետերը,
Ճարճատում տեգերը,
Շաչում են սրերը
Սաղավարտների պողպատի վրա - 67. Անծանոթ երկրում,
Պոլովցիների տափաստաններում։
Եվ անդ սևահողը
Սմբակների ներքո
Ցանվեց ոսկերքով,
Ոռոգվեց արյամբ,
Եվ ապա աճեց աղետն ահավոր –
Համայն Ռուսիայում։ - 68. Այն ի՟նչ դղրդոց է,
Այն ի՟նչ զրնգոց է
Այնտեղ – - 69. Հեռաստանում,
Լուսաբացից առաջ։
Այդ խիզախ Իգորն է դարձնում գնդերը,
Ճեպում օգնելու
Իր սիրած եղբայր Վսեվոլոդին։ - 70. Եվ կռվեցին մի օր,
Եվ դարձյալ մի օր,
Իսկ երրորդ օրը,
Միջօրեի պահին,
Ընկան Իգորի զորագնդերը։ - 71. Եվ աստ,
Հորդահոս Կայալայի ափին,
Բաժանվեցին նրանք –
Եղբայրները երկու։ - 72. См. фрагмент 73
- 73. Եվ խիզախ ռուսները
Խրախճանքի վերջում,
Երբ արդեն բավ չէր արյունի գինին,
Խնամիներին խմցրին
Նրանց իսկ արյունը,
Իսկ իրենք ընկան
Հանո՟ւն Ռուսիայի։ - 74. Տխրությունից խշշաց
Տափաստանի խոտը,
Ծառերը կռացան
Վշտի ծանրությունից… - 75. Եվ այսպես,
Եղբարք,
Եկան օրերը այն ողբահառաչ,
Երբ տափաստանը մեր զորքը թաղեց
Իր հողի ներքո։ - 76. Այնժամ թշնամանքը
Գլուխ բարձրացրեց
Դաժդ-Բոգի թոռան բանակների միջև,
Իսկ անարգ ոսոխը
Սուրաց աղետի թևերով շաչող,
Եվ, հաղթանակ տարած,
Ցնծում էր արդեն
Դոնի ափերին,
Կապույտ ծովի մոտ։
Եվ անցան օրերը այն երանելի. - 77. Պիղծերի դեմ դադարեց կռիվը իշխանաց,
Քանզի եղբայրը ասում էր եղբորը.
«Սա ի´մն է,
Իմն է նաև սա».
Քանզի իշխանները
Փոքրերի մասին բարբառում էին.
«Ահա և մեծը»,
Եվ միմյանց դեմ լարում
Դավեր նորանոր։ - 78. – – –
- 79. Օ´, հեռո՛ւ էր շատ,
Հավքեր ջարդելով
Դեպի ծովն էր թռել
Պատերազմի բազեն։ - 80. Իսկ Իգորի խիզախ զորագնդերին
Էլ չի՛ք հարություն… - 81. Պատերազմի գոչով
Կառնան և Ժլյան
Ասպատակեցին Ռուսաց Երկիրը, - 82. Կրակ ցանելով
Եղջյուրներից հրո։
Այնժամ ռուս կիները
Լաց լացին այսպես. - 83. «Ո´չ մեր մտքով է անցնելու,
Ո´չ խելքի մոտ է թվալու,
Ո´չ բաց աչքով տեսնելու ենք մենք
Մեր սիրակարոտ ամուսիններին.
Իսկ մեր վրափ արծաթն ու ոսկին
Առանց այն էլ այլևս չեն զնգզնգալու»… - 84. Եվ հեծեծաց, եղբարք,
Կիևը վշտից,
Իսկ Չեռնիգովը`
Ասպատակներից։ - 85. Համայն Ռուսիային իշխեց բռնությունը,
Թանձր սուգ պատեց համայն Ռուսիային։ - 86. Իշխանները այնժամ
Դավեր էին կոփում իրարու ընդդեմ, - 87. Իսկ անհավանները
Ռուսաց Երկրով մեկ ասպատակ սփռած,
Հարկ էին հավաքում
Ամեն մի տնից
Մի կնգումի մորթի։ - 88. Եվ ահա այսպես,
Սվյատոսլավի զարմերը,
Իգորը և Վսեվոլոդը,
Վերստին արթնացրին քենը ոսոխի.
Որին սասանել էր նրանց հայրացուն
Քաջ Սվյատոսլավը,
Կիևի ահեղ ու մեծ իշխանը. - 89. Ամպրոպի նման
Սաստել էր սաստկապես.
Իր հզոր գնդերով,
Իր պողպատ սրերով
Խուժել էր Երկիրը Պոլովցիների,
Ոտնատակ տվել
Լեռները,
Ձորերը,
Պղտորել նրանց
Գետերը,
Լճերը,
Վտակ ու ճահիճ
Չորացրել իսպառ,
Իսկ պիղծ Կոբյակին
Ծովածոցի խորքից,
Պոլովցիների երկաթազրահ
Եվ մեծաշռինդ գնդերի միջից
Ճանկել ու տարել մրրիկի նման։
Եվ այդ Կոբյակը
Մեռավ Կիևում
Քաջ Սվյատոսլավի գահաքաղաքում։ - 90. Եվ գերմանացիք ահա,
Ե´վ վենետիկցիք,
Ե´վ հույները,
Ե´վ մորավները
Երգում են Սվյատոսլավի փառքը,
Պախարակում են
Իշխան Իգորին,
Որը ռուսաց բարիքը ապարդյուն թաղեց
Պոլովցոց Կայալա գետի հատակում, - 91. Եվ որը այնտեղ իջավ իր ոսկեղեն թամբից
Եվ հեծավ թամբին ստրկավայել։ - 92. Սև՛ են պարիսպները ռուսաց քաղաքների,
Սո՛ւգ է ամենուրեք։ - 93. Եվ Սվյատոսլավը այնժամ խառնակ երազ տեսավ
- 94. Կիևի բլուրների վրա։
«Այս գիշեր, – պատմում էր նա,
Դեռը մութը չընկած,
Ինձ ծածկում էին սև ծածկոցներով
Սև սոճուց շինած մահճակալի վրա.
Սև մոխիրով խառնած - 95. Թունդ գինի էին լցնում ինձ համար.
- 96. Պիղծերի թափուր կապարճների միջից
Թափում էին վրաս
Հույլ մարգարիտներ - 97. Եվ ինձ փայփայում։
Եվ այդ իսկ ժամանակ
Իմ ապարանքի ոսկե գմբեթի
Տախտակները պոկվել,
Կախվել էին օդում
Առանց նեցուկի։ - 98. Ամբողջ գիշերը,
Դեռ մութը չընկած,
Կռավում էին ագռավները գորշ, - 99. Իսկ գետի ափին`
Պլեսենսկի մոտով
Թաղման սահնակները
Ընթանում էին
Դեպի ծովը Կապույտ». - 100. Այստեղ բոյարները
Ասացին նրան. - 101. «Իշխա՛ն,
Այդ վիշտն է մթագնել քո միտքը. - 102. Չէ՞ որ հայրական գահից ոսկեղեն
Երկու քաջակորով բազեներ են թռել,
Որ առնեն քաղաքը Տմուտորոկան
Կամ խմեն ոսկե սաղավարտներով
Մեծ Դոնի ջուրը։
Եվ արդ բազեների
Թևերը կտրված են պիղծերի սրերով,
Իսկ իրենք ընկել են
Երկաթե թակարդը։ - 103. Մութ է այդ օրը Կայալայի ափին։
Անդ խավարեցին երկու արեգակներ,
Երկու հրեղեն սյուներ մարեցին,
Իսկ նրանց հետ մեկտեղ
Զույգ լուսինները նորոգ,
Իսկ նրանց պապ Օլեգը
Եվ հայր Սվյատոսլավը
Կորան խավարում։ - 104. Եվ այդպես ահա, Կայալայի ափին
Լույսին հաղթեց մութը։ - 105. Եվ պոլովցիները,
Ինչպես հովազների ոհմակ,
Սփռվեցին համայն Ռուսաց Աշխարհում,
Ծովի շառաչով շուրջը հեղեղեցին,
Եվ հանդգնությունը անարգ թշնամու
Աճեց առավել։ - 106. Անառակությունը հաղթել է պատվին,
- 107. Իսկ գերությունը` ազատությանը։
- 108. Նետվել է պիղծը Ռուսաց երկրի վրա.
- 109. Եվ ահա գոթերի աղջիկները այնտեղ,
Կապույտ ծովի ափին,
Երգ են երգում ուրախ,
Զնգզնգացնելով մեր ոսկիները»։
Այժմ երգում են նրանք Բուսի օրերը,
Փառաբանում են լուծված վրեժը
Շարուկան խանի։ - 110. Իսկ մենք, – քո դրուժինան, -
Արդ քեզ հետ միասին
Կարոտ պիտի մնանք
Ուրախ օրերի»։ - 111. Եվ մեծ Սվյատոսլավը
Այնժամ բարբառեց
Արցունքին խառնած իր ոսկե խոսքը,
Եվ ասաց այսպես. - 112. Ի՛մ որդիներ,
Իգոր և Վսեվո՛լոդ,
Չարաղետ էր այն ժամը,
Երբ դուք կամեցաք
Սուսերներով պատժել պոլովցիներին
Եվ փառք վաստակել։
Եվ անփառունակ
Դիմագրավ կանգնեցիք դուք,
Անփառունակ հեղեցիք
Պիղծի արյունը։ - 113. Ես գիտեմ,
Ձեր սիրտը
Թրծված է դաժան բոցի մեջ,
Քաջությամբ է կոփված,
Սակայն դուք, ավա՛ղ, այսպես խորհեցիք.
«Թող փառաբանվենք միմիայն ինքներս.
Թող անցած օրերի փառքին տիրանանք
Իսկ գալիք փառքը մեր մեջ բաժանենք»։ - 114. Այս ի՛նչ փորձանք բերիք
Իմ արծաթահեր գլխին։ - 115. См. фрагмент 119
- 116. См. фрагмент 113
- 117. Եվ արդյոք հիմա զարմանք կթվար,
Եթե ջահելանար զառամյալ ծերը… - 118. Երբ առնանում է բազեն`
Նա բարձր է սավառնում,
Հավքերին բզկտում.
Եվ չի հանդուրժում
Անարգանքն իր բնի։ - 119. Բայց, ավա՛ղ,
Այսօր ինձ չեն օգնում
Ռուսաց իշխանները։
Չեմ տեսնում նույնիսկ
Յարոսլավ եղբորս,
Այն մեծահզոր,
Այն մեծահարուստ,
Այն մեծաբանակ եղբորս`
Իր կռվի սովոր ու քաջ
Չեռնիգովցիների,
Իր տոտրանների,
Օլբերների,
Ռևուգների
Եվ տորկերի հետ մեկտեղ,
Որոնք առանց վահանի,
Դանակներով միայն
Եվ ռազմի գոչերով
Գնդեր են հաղթում,
Զրնգացնելով փառքը մեր նախնյաց։ - 120. – – –
- 121. Այժմ Ռիմովի պարիսպների տակ
Պոլովցիների սուսերների զարկից ճիչեր են ժայթքում,
Իսկ Վլադիմիրն էլ վիրավոր է արդեն։ - 122. Ի՛նչ ցավ ու աղետ Գլեբի որդուն։
- 123. Ո՛վ մեծ իշխանդ Վսեվոլոդ,
Չես էլ մտածում թռչել-գալ հեռվից
Եվ պաշտպանել ոսկե գահը հայրական։ - 124. Չէ որ դու կարող ես զորքիդ թիերով ողջ Վոլգան ցրել
Եվ Դոնը պարպել սաղավարտներով։ - 125. Եթե դու գայիր,
Ստրկուհին մի նոգատ կարժենար
Ստրուկը` ռեզան։ - 126. Չէ՟ որ դու նույնիսկ ցամաք տեղիցն էլ
Կարող ես նետել ինքնանետերդ, -
Քաջարի զա՛րմդ Գլեբի։ - 127. Դո´ւ,
Մոլեգին Ռյուրի´կ,
Եվ դու, Դավի´թ.
Միթե ձեր խիզախ դրուժինան չէր այն,
Որ մինչև ոսկեզօծ սաղավարտները
Խրված էր պիղծի արյան ծովի մեջ։ - 128. Մի՟թե ձեր խիզախ դրուժինան չէր այն,
Որ մռնչում էր
Անծանոթ դաշտում,
Ինչպես շիկացած սրից խոցոտված
Ցուլն է մռնչում։ - 129. Դեհ, ուրեմն, տյա´րք,
Դրեք ձեր ոտքը ոսկե ասպանդակ, -
Վրեժ լուծեցեք
Մեր այս օրերի անարգանքի համար,
Հանո՛ւն Ռուսիայի
Հանուն Իգորի`
Քաջ Սվյատոսլավիչի բազում վերքերի։ - 130. Դո´ւ, Օսմոմիսլ Յարոսլավ,
Իշխանդ Գալիցիայի.
Բարձր ես բազմել դու
Քո ոսկեկուռ գահին.
Երկաթազրահ զորագնդերով
Ամրացրել ես դու լեռները Կարպատ,
Փակել ճանապարհը հունգար արքայի,
Գոցել Դանուբի դարպասները բոլոր։
Մինչ ամպերն է հասել իշխանությունդ,
Տեր ու տիրական ես դու մինչև Դանուբ, - 131. Բացում ես նույնիսկ դռները Կիևի,
Քո ոսկեղեն գահից
Նետերդ ուղղել ես հեռու աշխարհների սուլթանների դեմ։ - 132. Դեհ, ուրեմն, տե´ր,
Նետերդ ուղղիր Կոնչակի վրա,
Կոշչևի վրա -
Հանո՛ւն Ռուսիայի,
Հանո՛ւն Իգորի`
Քաջ Սվյատոսլավիչի բազում վերքերի։ - 133. Իսկ դու, հուժկու Ռոմա´ն, և դու, Մստիսլավ.
Խիզախ խոհերից
Ձեր սիրտը մղվում է սխրագործության։ - 134. Ճակատամարտի պահին
Դու բարձր ես ճախրում,
Ռոմա´ն,
Թռչուն որսացող բազեի նման, - 135. Չէ՟ որ երկաթե դիմկալներ ունեն
Քո լատինական սաղավարտները։
Նրանց բախյունից դղրդաց աշխարհը,
Եվ շատ երկրներ
Ե´վ Լիտվան,
Ե´վ Խինովան,
Ե´վ Դրեմելան,
Ե´վ յատվագները,
Ե´վ պոլովցիները,
Իրենց նիզակները նետեցին ոտքերիդ առաջ
Եվ խոնարհեցին գլուխներն իրենց
Քո պողպատաշեղբ սուսերների ներքո։ - 136. Եվ սակայն,
Իշխաննե´ր,
Խավարեց արևը իշխան Իգորի։
Է՛հ, տերևն անգամ
Իր բարի կամքով չէ վայր ընկնում ծառից։ - 137. Եվ Իգորի խիզախ զորագնդերին
Էլ չի՛ք հարություն… - 138. Եվ ահա,
Իշխաննե´ր,
Ձեզ է կանչում Դոնը,
Պատերազմի կոչում։ - 139. Եվ միայն Օլեգի խիզախ զարմերը հասան այդ կռվին…
- 140. Դու,
Ինգվա´ր, և դու, Վսեվոլհդ,
Եվ դուք բոլորդ, – եռյակ զարմերդ Մստիսլավի, -
Դո´ւք, -
Բազեների տոհմից սերված վեցթևյան եռյակ.
Իգորի բախտի՟ց էր,
Որ դուք էլ ելաք հողեր զավթելու
Եվ բաժանելու Ռոսա և Սուլա գետերին հարող
Մեր քաղաքները։ - 141. Էլ ինչի՟ համար են
Ձեր ոսկեշողշող սաղավարտները,
Եվ նիզակները ձեր այդ լեհական,
Եվ ձեր վահանները։ - 142. Ձեր սուր նետերով
Գոցեցեք պիղծի ճանապարհները –
Հանո՛ւն Ռուսիայի,
Հանո՛ւն Իգորի`
Քաջ Սվյատոսլավիչի բազում վերքերի։ - 143. Չէ որ Սուլա գետը
Այլևս իր արծաթ փայլով չի հոսում
Դեպի Պերեյասլավլ.
Եվ Դվինան նույնպես,
Պիղծերի գոռուն-գոչյունի միջով,
Ճահճի նման է թավալվում դեպի
Երբեմնի ահեղ Պոլոցկ քաղաքը։ - 144. Միայն Իզյասլավը`
Վասիլիի որդին,
Իր սուր նիզակը շռնդալից զարկեց
Լիտովցիների սաղավարտներին,
Բայց և շուտ մթագնեց
Իր Վսեսլավ պապի
Հինավուրց փառքը,
Ապա ռազմի դաշտի
Արյունով ներկված խոտերի վրա,
Լիտովցիների սուսերներով խոցված,
Կարմիր վահանի հովանու տակ
Գտավ վախճանը նա իր, - 145. Եվ հենց այդ առթիվ է երգել Բոյանը.
- 146. «Իշխա´ն,
Գիշատիչ հավքերը քո դրուժինային
Թևեր բաշխեցին,
Իսկ գազանները
Լիզեցին նրա արյունը արդար»։ - 147. Եվ այստեղ չէին նրա եղբայրները –
Ո´չ Բրյաչիսլավը
Եվ ո´չ մյուս Վսեվոլոդը,
Այդպես, մեն-մենակ,
Իր քաջ մարմնի միջից,
Ոսկեղեն վզնոց մանյակի միջից,
Ավանդեց նա իր մարգարտե հոգին… - 148. Բառերը անզո՛ր են։
Սո՛ւգ է ամենուրեք,
Գրոդնո քաղաքում գալարափողերը
Սև գույժ են գուժում… - 149. Ո՛վ դու Յարոսլավ,
Դո՛ւք,
Վսեսլավի թոռներդ բոլոր.
Դե՛հ, խոնարհեցեք դրոշակները ձեր,
Հողին գամեցեք այլևս բթացած նիզակները ձեր, - - 150. Քանզի մերժված եք
Ձեր պապերի փառքից. - 151. Քանզի ձեր խռովքը,
Ձեր դավն էր պատճառը,
Որ պիղծը խուժեց Ռուսաց Աշխարհը`
Դեպի Վսեսլավի հարստությունը. - 152. Քանզի չլիներ ձեր գժտությունը,
Չէր լինի և լուծը պոլովցիների։
Նույն Բոյանի դարում, - 153. Իր սիրած կուսին`
Մեծն Կիևին
Տիրանալու համար,
Վսեսլավ իշխանը իր բախտը փորձեց։ - 154. Եվ, կախարդանքի ապավինելով,
Նա սրարշավ հասավ Կիև քաղաքը,
Նիզակի կոթով դիպավ թեթևակի
Մեծն Կիևի ոսկե աթոռին, - 155. Ապա` ետ ցատկեց հանց մոլեգնած գազան։
Գիշերվա կեսին,
Պարուրված կապույտ մառախուղի մեջ,
Բելագրադից սուրաց - 156. Եվ, դեռ լույսը չբացված,
Տապարներով ջարդեց
Ամուր դարպասները Նովուգրադի`
Փշրելով իշխան Յարոսլավի փառքը. - 157. Իսկ Նեմիգայից մինչև Դուդուտոկ
Սուրաց գայլի պես…
Նեմիգայի ափին
Խուրձեր են փռում –
Գլուխների խուրձեր.
Խուրձերը ծեծում են
Սուր ու շղթայով,
Ծեծում,
Կալսում են մարդկային կյանքը,
Հոգին քամհարում մարմնի միջից։ - 158. Եվ Նեմիգայի
Արյունոտ ափերը
Ցանված են
Ո´չ թե հացահատիկով,
Այլ ոսկորներով Ռուսիայի որդոց։ - 159. Վսեսլավը այնժամ
Դատում էր մարդկանց,
Իշխաններ կարգում քաղաքների վրա,
Ապա գիշերով ելնում Կիևից։
Գայլի պես սուրում էր,
Իսկ հավականչին հասած էր լինում Տմուտորոկան,
Եվ գորշ գայլի պես, -
Արևի ծագից
Մինչ մուտն արևի,
Չափչփում էր նա
Խորսի ճանապարհը։ - 160. Եվ երբ Պոլոցկի
Սուրբ Սոֆիա տաճարում
Այդ իշխանի համար հնչեցնում էին
Զանգերը լուսո,
Ապա զրնգոցը հասնում էր նրան
Կիև քաղաքում։ - 161. Թեև կախարդ հոգի ուներ խիզախ մարմնի մեջ,
Բայց կռիվներում հաջողակ չէր նա։ - 162. Եվ այդ առթիվ է երգել Բոյանը.
- 163. «Ո´չ կախարդ հոգին,
Ո´չ խիզախը,
Ո´չ էլ նա,
Որ հավքից արագ է ճախրում,
Չի խուսափելու Աստծո դատաստանից»։ - 164. Օ՛, հեծեծա պիտի Ռուսաց Երկիրը,
Մտաբերելով օրերը անցած
Եվ իշխաններին իր հին։ - 165. Այն հնոց օրերի Վլադիմիրին
Հնար չէր գամել Կիևի սարին, - 166. Իսկ այսօր նրա զորագնդերը
Կամ Ռյուրիկի կողմում են կանգնած,
Եվ կամ Դավիթի.
Բաժան-բաժան են փողփողում նրանց
Զորադրոշները, - 167. Եվ բաժան-բաժան են տեգերը շաչում։
- 168. Արդ Դանուբի ափից
Յարոսլավնայի ձայնն է հասնում ինձ
Վաղ լուսաբացին
Ջրահավքի պես մրմնջում է նա,
Հեկեկում այսպես. - 169. «Ջրահավքի պես, – մրմնջում է նա, -
Կթռչեմ, կանցնեմ ես Դանուբ գետը, - 170. Իմ վագրենամորթ թևքս կթրջեմ
Կայալայի ջրում, - 171. Կլվամ իշխանի
Արյունոտ վերքերը:
Նրա խոցոտված
Մարմնի վերքերը»։ - 172. Վաղ լուսաբացին,
Պուտիվլ քաղաքի պարսպի վրա,
Յարոսլավնան է հեկեկում այսպես. - 173. «Սիրասուն քամի՛.
Ինչո՟ւ ես, տեր իմ,
Փչում զայրացած, - 174. Ինչու ես խաղաղ թևերիդ առած
Դեպի սիրածիս բանակը տանում
Թշնամու նետերը. - 175. Մի՟թե բավ չէ այն,
Որ փչում ես դու –
Այնտեղ – երկնքում,
Ամպերի ներքո,
Ճոճելով նավերը կապուտակ ծովում։ - 176. Ո՞ր մեղքիս համար էր,
Որ դու չոր սեզի նման դաշտով մեկ արիր
Իմ խնդությունը»։ - 177. Վաղ լուսաբացին,
Պուտիվլ քաղաքի պարսպի վրա,
Յարոսլավնան է հեկեկում այսպես. - 178. «Մեծափառ Դնե՛պր,
Դու ժեռ սարեր ես ճեղքել ու անցել
Պոլովցիների աշխարհի միջով - 179. Դու, օրորվելով,
Մեծ Սվյատոսլավի նավերն ես տարել
Ընդդեմ Կոբյակի։ - 180. Դեհ, ետ բեր, տեր իմ,
Բե՛ր օրորվելով
Իշխանիս նավերը,
Որ այսուհետև ես արցունքներս
Քեզ հետ չուղարկեմ կապույտ ծովերը»… - 181. Վաղ լուսաբացին,
Պուտիվլ քաղաքի պարսպի վրա,
Յարոսլավնան է հեկեկում այսպես. - 182. «Օ, պայծառ արև,
Դու եռակի պայծառ.
Ամենքի համար ջերմ,
Սփոփիչ ես դու. - 183. Հապա ինչո՟ւ, տե´ր,
Դու այդքան դաժան շողեր ես թափում
Իմ սիրեցյալի զորքերի գլխին։
Չէ՟ որ այն անջուր տափաստաններում
Չորացան լարերը պիրկ աղեղների,
Խցվեցին նրանց կապարճները լի»։ - 184. Գիշերվա կեսին ծովը ծառս եղավ։
Բարդ-բարդ ամպերով իջնում է խավարը։
Այդ ինքը Տերն է օգնում Իգորին,
Ճանապարհ ցուցում`
Պոլովցոց Երկրից
Դեպի Երկիրը Ռուսաց։ - 185. Հանգան ցոլքերը արևամուտի։
Իգորը քնած է.
Ո´չ, քնած չէ նա։
Իգորը մտքով չափում է դաշտերը.
Մեծ Դոնից
Մինչև Փոքր Դոնեցը։ - 186. Գիշերվա կեսին
Գետի այն կողմից Օվլուրը սուլեց,
Կանչեց ձիերին
Եվ իմացում տվեց իշխան Իգորին,
Թե ժամանակն է…
Եվ Իգորը չկա…
Գոչեց ու թռավ։ - 187. Թնդացին դոփերը,
Խշշացին խոտերը,
Պոլովցիների վրանների մեջ
Շարժվել սկսեցին։ - 188. Եվ ահա Իգորը
Կզաքիսի պես նետվեց եղեգնուտը,
Սպիտակ բադի պես գետի մեջ սուզվեց,
Դուրս եկավ եզերքը, - 189. Կպավ նժույգին,
Սուրաց ինչպես գայլ, - 190. Հասավ Դոնեցի մւսրգագետինը.
Բազեի նման սավառնեց,
Անցավ ամպերի միջով,
Ճամփին որսալով սագեր, կարապներ -
Նախաճաշի,
Ճաշի,
Ընթրիքի համար։ - 191. Մինչ ճախրում էր Իգորը բազեի նման,
Օվլուրը սուրում էր գորշ գայլի նման,
Հետքեր թողնելով եղյամի վրա։
Եվ շատ տանջեցին
Իրենց արագասույր ձիերին նաև։ - 192. Եվ Դոնեցն ասաց.
- 193. «Ո՛վ իշխան Իգոր,
Մե՛ծ է
Քո գովքը,
Կոնչակի զայրույթը
Եվ ուրախությունը Ռուսաց Աշխարհի»։ - 194. Եվ ասաց Իգորը.
- 195. «Ո՛վ Դոնեց,
Մեծ է նաև քո գովքը,
Քանզի իշխանին օրորել ես դու
Քո ջրերի վրա.
Քո արծաթե ափին դու նրա համար
Միշտ հարդարել ես կանաչ անկողին,
Կանաչ ծառի տակ ծածկել ես նրան
Ջերմ մշուշներով, - 196. Իսկ երբ քնել է`
Հսկել են նրան
Սպիտակ սագերդ ջրերի վրա,
Անքուն բադերը` հորձանուտներում,
Ապա ճայերդ` քամիների մեջ, - 197. Այդպես չէ, – ասաց, – այն Ստուգնա գետը,
Որն ունենալով չարաղետ հորձանք
Եվ կլանելով վտակներն օտար,
Ջարդում ու փշրում է գետանավերը`
Զարկելով ափին։
Նա իր երախն առավ
Ջահել իշխանին
Քաջ Ռոստիսլավին
… Այժմ Դնեպրի ողբաշուք ափին - 198. Հեծեծում է մայրը քաջ Դոստիսլավի։
Լալիս է կորուստը քաջ Ռոստիսլավի, - 199. Սգից սևացել են ծաղիկները բոլոր,
Ծառերը թեքվել են վշտից ծանրացած». - 200. Կաչաղակների կռավը չէ այն, -
Այն քաջ Իգորի հետքով գալիս են
Կոնչակն ու Գզակը։ - 201. Արդեն ագռավները չեն կռռում ճամփին.
Կաչաղակները լռել են ճամփին, - 202. Միայն օձերն են գալարվում ճամփին,
Եվ նույնիսկ փայտփորը, տկտկացնելով,
Իշխան Իգորին ճանապարհ է ցուցում դեպի գետափը,
Իսկ սոխակները ցնծալի երգով այգն են ավետում։ - 203. Եվ այսպես է ասում Գզակը Կոնչակին.
- 204. «Քանի որ բազեն դեպի բույնն է թռչում,
Եկ նրա ձագին նետահար անենք
Նետերով ոսկե»։ - 205. Պատասխան է տալիս Կոնչակը նրան.
- 206. «Քանի որ բազեն դեպի բույնն է թռչում,
Եկ նրա ձագին թակարդենք ու պահենք
Կույսի հմայքով»։ - 207. Եվ այսպես է ասում Գզակը Կոնչակին.
- 208. «Թե որ այդ ձագին թակարդենք ու պահենք
Կույսի հմայքով,
Ապա ո´չ այդ ձագը կմնա մեզ մոտ,
Ո´չ էլ մեր կույսը։
Այնժամ կսկսեն նրանք մեզ ջարդել
Պոլովցյան դաշտում»։ - 209. Երգում էր Բոյանը կարծես թե հենց այդ
Արշավների մասին.
Այսպես էր երգում նա`
Երգիչը հնոց ժամանակների,
Իշխան Օլեգի և Յարոսլավի
Սիրած երգահանը. - 210. «Եղո՛ւկ այն գլխին, որ զուրկ է մարմնից,
Եղո՛ւկ այն մարմնին, որ գլուխ չունի» -
Եվ նույնն է Ռուսիան` առանց Իգորի։ - 211. … Արդեն երկնքում շողում է արևը, -
Իգորը դարձել է Երկիրը Ռուսաց։ - 212. Երգում են կույսերը Դանուբի ափին,
Հասնում են ձայները ծովից մինչև Կիև։ - 213. Անցնում է Իգորը հին Բորիչևով,
Գնում է տաճարը սուրբ Աստվածածնա։ - 214. Երկիրն է խնդում,
Թնդում է քաղաքը։ - 215. Եվ փառաբանելով հին իշխաններին,
Դառնանք ու երգենք նաև նորերին»։ - 216. Փա՛ռք տանք Իգորին` Սվյատոսլավիչին,
Փա՛ռք Ցլակորով Վսեվոլոդին,
Փա՛ռք Վլադիմիրին` Իգորի որդուն։ - 217. Ապա ողջ լերուք,
Իշխաննե´ր,
Եվ դրուժի´նա,
Դուք, որ մարտնչեցիք
Ի սեր քրիստոնեից,
Ընդդեմ պիղծերի։ - 218. Իշխաններին –
Փառք, դրուժինային –
Փա՛ռք։ Ամեն։
Ссылка
Если вы используете корпус в научной работе, пожалуйста, сошлитесь на эту публикацию:
Орехов Б. В. Параллельный корпус переводов «Слова о полку Игореве»: итоги и перспективы // Национальный корпус русского языка: 2006—2008. Новые результаты и перспективы. — СПб.: Нестор-История, 2009. — С. 462—473.